Բրեկզիտի առաջին հետևանքը՝ Դևիդ Քեմերոնը երգելով հեռացավ խորհրդարանում շարքային պատգամավոր լինելու, Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի՝ Թերեզա Մեյը: Ոմանք հավատում են, որ նա կդառնա երկրորդ Երկաթյա լեդին Մարգարեթ Թետչերից հետո, թեև ժամանակին մեծբրիտանացիները երկրի տարածքը Ֆոլկլենդյան կղզիներով մեծացրած վարչապետին եթե հարգում էին, չէին սիրում: Ինչպես Երկրորդ համաշխարհայինում հաղթելուց հետո ընտրություններում պարտվեց սըր ՈՒինստոն Չերչիլը: Նրան չներեցին Լոնդոնի ռմբակոծությո՞ւնը, բոլոր ռեսուրսները հաղթանակի՞ն ծառայեցնելը, Ստալինի հետ համագործակցությո՞ւնը. նա տանուլ տվեց ընտրությունները: Սա՝ ի դեպ, ընդհանրապես աշխարհում բրոունյան շարժում է՝ բոլորը հարցեր են լուծում, բոլորը բոլորին ասելիք ունեն, բոլորն անելիք ունեն, բոլորը շտապում են՝ գլոբալացվող աշխարհում ամենաբարձր գինն ունի ժամանակը, որի զգացողությունը արթնանում է իշխանության ժամկետի վերջում կամ իշխանությունը կորցնելուց առաջ:
Արևմուտքում անխուսափելի են քաղաքական փոփոխությունները, Բրեկզիտը ոչ թե պատճառ, այլ հետևանք էր կուտակված ու չլուծված խնդիրների ճնշման: Արևմուտքով անցնելու է ընտրական ցունամին՝ նոյեմբերին ԱՄՆ-ում, եկող տարի Ֆրանսիայում ու Գերմանիայում: Դոնալդ Տրամպի ու Հիլարի Քլինթոնի միջև ընտրությունն ԱՄՆ-ում լուրջ մարդիկ համարում են, որ կավարտվի դեմոկրատների հաղթանակով, անլուրջները նախագահ են տեսնում հանրապետականին: Ֆրանսիայում ընտրությունը պտտվելու է Մարին Լը Պենի, Ֆրանսուա Օլանդի ու Նիկոլա Սարկոզիի շրջանակում, չի բացառվում՝ հայտնվի չորրորդ թեկնածուն ու դառնա ֆավորիտ: Անգելա Մերկելի ու իշխող քրիստոնեադեմոկրատների հաղթանակը կասկածի տակ դրեց ոչ այնքան ԵՄ տնտեսական ճգնաժամը, որքան Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից Եվրոպա նետվող փախստականները: «Մամա Մերկելը» կորցրեց համաեվրոպական առաջնորդի դափնեպսակի տերևները: Ամենաանդրդվելին թվում են Բրյուսելի եվրապաշտոնյաները, որ անխռով անում են իրենց գործը՝ հակառակ Բրյուսելի կենտրոնում պայթյունների ու ահաբեկչության չնվազող վտանգի:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ բոլորը պայքարում են՝ իրենց շահերի սպասարկումով, որից էլ ԻՊ-ի բախտը բերում է՝ սկսած Թուրքիայից, վերջացրած Ռուսաստանով ու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայով:
Սիրիայում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը շարունակվում է՝ Բաշար Ասադը խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարություն նշանակեց, ռմբակոծությունները չպակասեցին և խաղաղությունը չավելացավ՝ ընդդիմությունը շարունակում է նրա հրաժարականը պահանջել, միաժամանակ՝ չի միավորվում ու չի գտնում մեկին, որ կփոխարինի Ասադին, ու այդտեղ նրա բախտը բերում է: Ռուսաստանի ու Թուրքիայի հաշտությունը իրենց հայտարարություններից ելնելով՝ դրական պիտի ազդի տարածաշրջանի, հակաահաբեկչական պայքարի, բոլորի ու ամեն ինչի վրա:
Ռուսաստանում Պետդումայի ընտրություններում անակնկալներ չեն լինի՝ «Միասնական Ռուսաստանը» կհաղթի ու Դումա կտանի փորձված ու փորձարկված «ընդդիմադիրներին»՝ Ժիրինովսկուց Միրոնով: ՊԱՌՆԱՍ-ը դեռ ղեկավար է փնտրում, ընդդիմությունը տարտղնված ու ցաքուցրիվ է՝ ինչպես Պուտինի իշխանության բոլոր տարիներին: 2018-ին ՌԴ-ում նույն սցենարով նախագահական ընտրությունները կլինեն: Վրաստանը հոկտեմբերին գնում է խորհրդարանական ընտրությունների՝ քարոզարշավը սկսված է: Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին համոզված է «Վրացական երազանքի» հաղթանակին, նախկին նախագահ ու Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է իր հաղթանակին: Իրանում 2017-ին նախագահական ընտրություններ են, Հասան Ռոհանին ևս մեկ անգամ կարող է առաջադրվել, խորհրդարանական ընտրություններում համեմատական հաղթանակից հետո նրա վերընտրությունը 100 %-ով հավանական չէ՝ ինչպես որևէ ընտրություն: Նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է մեծ քաղաքականություն վերադառնալու:
Դա լուրջ հարված է տարածաշրջանում Իրանի դերի ու նշանակության ներկա ծրագրերի ու նպատակների իրականացմանը: Չինաստանում տնտեսական աճի տեմպերը նվազել են, բայց չեն նվազել աշխարհաքաղաքական խաղի հնարավորությունները և ցանկությունները ցամաքում ու ծովերում: Ճապոնիայում, պարզվեց, կայսր Ակիհիտոն մտադիր չէ հօգուտ որդու հրաժարական տալ, իսկ վարչապետ Սինձո Աբեն փորձում է Սահմանադրություն փոխել, տնտեսությունը զարգացնել ու երկրին վերադարձնել բանակ ունենալու իրավունքը:
Աշխարհում տասնյակ այլ երկրներ կան, որտեղ մեծ ու փոքր, կարևոր ու անկարևոր իրադարձություններ են լինում, այս հպանցիկ շրջապտույտը նպատակ ուներ վկայելու, որ հիմնազուրկ է պատկերացումը, թե լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Ամեն տեղ էլ կան պրոբլեմներ, կան կամ չկան լուծման տարբերակներ: Չմոռանամ հավելել ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը, որ Արևելյան Եվրոպայում ալյանսի ընդլայնման որոշում ընդունեց: Երեկվանից Մոսկվայում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ու թեև անոնսված էր Սիրիայի հարցը, վստահաբար՝ բարձր մակարդակում նաև այդ հարցը կքննարկվի: Բոլոր դեպքերում՝ ոչ Ռուսաստանը, ոչ ՆԱՏՕ-ն բացահայտ առճակատման գնալու ցանկություն չունեն: Գլոբալ աշխարհում պատերազմներ պետք չեն, պետք են կայուն խաղաղություն, կայուն անվտանգություն, զարգացման՝ տնտեսության, առևտրի ու հաղորդակցության ճանապարհներ ու հնարավորություններ:
Մենք շատ հիմնավոր համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում աննախադեպ դիվանագիտական ակտիվության պատճառը ապրիլյան քառօրյա պատերազմն էր՝ Բաքվին չհաջողվեց ռազմական ճանապարհով հարցը իր ցանկությամբ լուծել, բայց հաջողվեց աշխարհաքաղաքական օրակարգ վերադարձնել խնդիրը: Այդպե՞ս է: Այդքան հզո՞ր է Ադրբեջանը, որ 4 օրում աշխարհին պարտադրեց՝ ինչ 1994-ից չէր ստացվում: Իսկապե՞ս ստատուս քվոն փոխելը միայն Իլհամ Ալիևի երկնագույն երազանքն է: Իսկապե՞ս անհնար է աշխարհի համար կասեցնել մի քանի միլիարդի սպառազինություն գնած ու ամբողջ աշխարհի առաջ քառորդ դար իր անզորությունից խոսող երկրի մի բռնապետի, որ «մեկ միլիոն փախստականների» վերադարձից, «օկուպացված տարածքներից» բացի ուրիշ ոչինչ չի ուզում ոչ լսել, ոչ տեսնել, ոչ հասկանալ: Հազիվ թե: Եթե իսկապես գլոբալ քաղաքականության մեջ համարյա բոլոր հարցերում տարաձայնություններ ունեցող Ռուսաստանն ու Արևմուտքը Լեռնային Ղարաբաղի հարցում հասել են համաձայնության ու համատեղ են հանդես գալիս, նրանց միավորում է շատ ավելի գերակա շահ, քան տարածաշրջանային կոնֆլիկտը վերացնելը: Ալիևի բախտը պարզապես բերում է, որ տարածաշրջանային հաղորդակցուղիների բացումը և տարածաշրջանում անվտանգությունն ու ռազմական կոնֆլիկտների բացառումը գերտերությունների օրակարգում են: Խոշոր հաշվով՝ նրանց համար կարևոր չեն ոչ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կարևորը տարածքն է, որտեղով անցնում են ճանապարհներն ու էներգակիրները, իսկ մարդիկ ու սահմանները խանգարում են ազատ անցուդարձին: Սա է խնդիրը: Նրանց պետք են կանխատեսելի ու կառավարելի իրավիճակներ, փոխարենը առաջարկում են խաղաղություն, բարեկեցություն ու զարգացում:
Գլոբալ աշխարհում լոկալ զարգացումը բացառվում է, փակ սահմանները նոնսենս են, ստատուս քվոները, եթե խանգարում են գլոբալ խնդիրներին, չեն կարող լոկալ տարածքներում հավերժ պահպանվել: Իրանի պատժամիջոցների վերացումից հետո հաղորդակցուղիների գործարկումը դարձավ առաջնային՝ Արևմուտքն այլևս խոչընդոտներ չի հարուցում Թեհրանի առաջ՝ դեպի Եվրոպա շարժվելու, Իրանին պետք է վաճառել, Արևմուտքին՝ նավթ ու գազ գնել: Բայց որտեղո՞վ: Ադրբեջանո՞վ: Հայաստանո՞վ: Պատերազմի դեպքում անվտանգ չէ ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի տարածքը: Պատերազմի բացառումը բոլոր բանակցություններում առաջին կետ ունեցող համանախագահները թերևս համաձայն են միայն այդ հարցում, մյուս հարցերում նրանք պահպանում են հակասությունները: Շահերի տարբերությունները: Ռուսաստանը չի ուզում իր ներգործության դաշտից դուրս գան Ադրբեջանն ու Հայաստանը, առավել ևս Վրաստանի կորստից հետո, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը գտնված երազ է Կրեմլի համար՝ այդ նպատակին հասնելու: Եթե Ռուսաստանն ունենար քաղաքական ու տնտեսական լծակներ իր ձգողականության դաշտում պահելու հետխորհրդային տարածքի պետություններին, ոչ Մերձդնեստրը պետք կլիներ, ոչ Աբխազիան ու Օսիան, ոչ Մոլդովան, ոչ Ղարաբաղը: Բայց ԵՄ մոդելը Ռուսաստանի համար չէ՝ Ռուսաստանի առավելագույն ձեռքբերումը ԵԱՏՄ-ն էր, որ չի կայանում, որովհետև ԵԱՏՄ անդամները ոչ թե միմյանց, այլ Ռուսաստանի հետ են կառուցում իրենց հարաբերությունները:
Օգոստոսին Բաքվում հանդիպելու են Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները: Որևէ մեկը միամի՞տ է այնքան, որ հարցնի՝ ինչո՞ւ Երևանում չեն հանդիպում Իրանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահները: Իրանին պետք է Պարսից ծոցից հասնել Սև ծով, աշխարհին պետք է, որ Իրանը Պարսից ծոցից հասնի Սև ծով՝ սա փաստ է, որի դեմ առարկում է Պուտինը՝ մրցակից տեսնելով էներգակիրների շուկայում, առարկում է Ալիևը՝ պահանջելով իր չունեցած «տարածքային ամբողջականությունը», առարկում է Լեռնային Ղարաբաղը՝ իր ինքնորոշման իրավունքով: Հենց այդ պատճառով Ալիևին հնարավորություն տվեցին ռազմական ճանապարհով հարցը լուծելու: Չկարողացավ: Երկրորդ հնարավորություն չեն տա. հայտնի չէ՝ ինչով կավարտվի: Այս պահին Արևմուտքի խնդիրը Ռուսաստանի հետ ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի լոկալ հարցի լուծումն է, որքան տարածաշրջանի գլոբալ խնդիրը՝ ի՞նչ է Մոսկվան ստանում, եթե հարցը լուծվում է, և ի՞նչ է կորցնում, եթե չի լուծվում: Առևտուրը բարձր մակարդակներում է, իսկ մենք տեղում այցերն ու հանդիպումներն ենք հաշվում՝ քանի՞ անգամ իրար զանգեցին, ձեռք սեղմեցի՞ն, ժպտացի՞ն, մռա՞յլ էին, վիսկի՞ խմեցին, բաժակաճառ ասացի՞ն, ո՞վ ինչի՞ց էր դժգոհ, ո՞վ ումի՞ց էր գոհ, հույսե՞ր ուներ՝ սուբստանտիվ ու անստատուս: Եթե գոհ են նրանք, դժգոհ ենք մենք, որովհետև միաժամանակ հնարավոր չէ և տարածքային ամբողջականություն պահպանել, և ազգերի ինքնորոշման իրավունք: Վաղուց արդեն գաղտնիք չեն ոչ Մադրիդյան, ոչ Կազանյան սկզբունքները՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, բայց վերավերավերաբանակցելուց հետո կարող են դառնալ տարածքներ՝ ոչնչի դիմաց, բացի դատարկ խոստումից՝ հանրաքվեի: Նախագահով, արտգործնախարարով՝ զինադադարից սկսած այս բանաձևի մեջ են բանակցել թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե համանախագահներն ու համանախագահ երկրների նախագահները: Իսկ Ղարաբաղը լռել է ու սպասել, առավելագույնը՝ մի քանի ալարկոտ հայտարարություն է արել՝ ոչ մի թիզ հողի մասին՝ ապավինելով ստատուս քվոյի հավերժությանը՝ դեֆակտո անկախության դեյուրե ճանաչմանը: Այս ամենը շատ իրական է, շատ արդիական ու շատ կենսական: Մեզ համար, բայց ոչ աշխարհի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Վիեննան և Սանկտ Պետերբուրգը, նաև Փարիզը լինելու են նույն գծի վրա, որովհետև մենք չունենք մեր գիծը: Ենթադրենք՝ չգիտեինք, «Բլումբերգին» տված Սերժ Սարգսյանի հարցազրույցից իմացանք, որ դեռ 2011-ին Հայաստանը պատրաստ էր ազատագրված տարածքները հանձնելու, հիմա էլ տեսնում ենք, որ 800 հեկտարի կորուստը խոր մոռացության է տրվում, որովհետև իմաստ չունի կռվով նվաճել ու նորից հանձնել: Ազգովին համաձա՞յն ենք: Թե՞ սպասում ենք, որ Ռուսաստանը կվերցնի Ղարաբաղն ու կմիացնի Հայաստանին: Այո՞, ու ո՞ր հիմքով: Ի՞նչ ենք անում: Նժդեհի արձանով՝ ընդդեմ բոլոր թշնամիների՞: 4+4+4-ով կոնսենսո՞ւս: Նախընտրական զտումներ ոչիշխանական դաշտում՝ իբրև նվեր իշխանությա՞նը: Ալիևը չի ուժեղ, մենք տանը չենք: Մնացածի մասին հայտարարություն կանի կամ չի անի Ստեփանակերտը: